download Armenian Unicode fonts
English
Version
Հ Ա Յ Ա Ս Տ Ա
Ն - Ս Փ Յ Ո Ւ Ռ Ք
Ե Ր Կ Ր Ո Ր Դ
Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ժ Ո Ղ Ո Վ Ի
Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր
Երևան, մայիս 27-28, 2002
Մենք` Հայ ժողովրդի բոլոր հատվածների ներկայացուցիչներս, այսօր Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում միասնաբար քննարկեցինք արդի պատմական, աշխարհաքաղաքական նոր իրողություններում Հայության առջև ծառացած համազգային առաջնահերթություններն ու մարտահրավերները և նախանշեցինք դրանք համատեղ ջանքերով լուծելու ուղիներն ու միջոցները:
Երկրորդ խորհրդաժողովը, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին նվիրված 1999 թվականի սեպտեմբերին կայացած Առաջին խորհրդաժողովում սկիզբ դրված գործընթացի շարունակությունն է, որի սկզբունքները որպես հանձնառություն ամրագրվեցին խորհրդաժողովի ընդունած Հռչակագրում:
Երկրորդ խորհրդաժողովը արձանագրում է, որ
անցած ժամանակաշրջանում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները և գործակցությունը
ընթացել ու զարգացել են Հռչակագրի սկզբունքներին և ոգուն համահունչ:
Ներկայումս աշխարհում, մասնավորապես ԱՄՆ-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական
իրադարձություններից հետո, տեղի են ունենում նոր տեղաշարժեր ու զարգացումներ, որոնք
շոշափում են Հայաստանի, Արցախի և համայն Սփյուռքի կենսական շահերը, և Հայությունը
չի կարող անտարբեր մնալ այս նոր մարտահրավերներին:
Մենք ունենք միասնական պատմություն, ընդհանուր նպատակներ ու խնդիրներ, ամբողջ հայությանը և նրա յուրաքանչյուր հատվածին առանձնահատուկ առաջնահերթություններ և միայն մեր հավաքական միասնությամբ, մարդկային և նյութական ներուժի համախմբմամբ ու կենտրոնացմամբ կարող ենք լուծել մեր առջև ծառացած խնդիրները:
Հայությունը իր ամբողջ պատմության ընթացքում ունեցել է թռիչքներ և անկումներ, տարել հաղթանակներ և կրել պարտություններ և, ի հեճուկս բոլոր արհավիրքների ու խոչընդոտների, իր ներդրումն է ունեցել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ` պահպանելով իր մշակութային ու ազգային նկարագիրը:
Մենք բոլորս հայ քաղաքակրթության ու արժեքների կրողներն ենք, որոնց պահպանման ու զարգացման համար այսօր պատմությունը մեր ուսերին դրել է ծանր պատասխանատվություն:
20-րդ դարի սկզբին մեր ժողովուրդը կրեց ահավոր հարված, երբ Օսմանյան Թուրքիան ծրագրեց և գործադրեց մարդկության նորագույն պատմության մեջ առաջին ցեղասպանությունը` բնաջնջելով ավելի քան 1,5 միլիոն հայերի, և կործանեց հարյուրամյակների ընթացքում Արևմտյան Հայաստանի սեփական բնօրրաններում հայերի ստեղծած նյութական ու հոգևոր-մշակութային արժեքները:
Դարասկիզբը նաև եղավ հաղթանակի հանգրվան: Ծառանալով հայաջնջումի քաղաքականության դեմ` անհավասար պայմաններում մեր ժողովուրդը դիմեց ինքնապաշտպանության և հերոսամարտերով 1918 թվականի մայիսի 28-ին ամրագրեց նոր ժամանակների հայ անկախ պետականությունը` Հայաստանի Առաջին Հանրապետությունը:
Շուտով սակայն իրադրությունը դարձավ օրհասական, երբ 1920 թվականին թուրքական նոր հարձակման հետևանքով մասնատվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որի կործանարար հետևանքները առ այսօր կրում է հայ ժողովուրդն ու հայոց երկիրը:
Հաղթահարելով Մեծ Եղեռնի հետևանքները և մեր
ազգի առջև ծառացած բազմապիսի խոչընդոտները` խորհրդային շրջանում անկախ
պետականության բացակայության պայմաններում մեր ժողովուրդը կարողացավ ոչ միայն
պահպանել, այլև զարգացնել կրթությունն ու մշակույթը, իսկ դարավերջի բարձրակետը
հանդիսացավ այսօրվա անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը:
Այսօր մեր պետության պահպանումը, նրա ամրապնդման ու զարգացման ապահովումը աշխարհում
ապրող բոլոր հայերի սրբազան նպատակն ու պարտքն է, նրա հզորացումը բոլորի
առաքելությունն է և անվիճելի առաջնահերթությունը, որպես մեր կենսական խնդիրների
լուծման լծակ, գլխավոր միջոց և հնարավորություն:
ՙՀայաստանը բոլորի հայերի հայրենիքն է՚ կարգախոսով հայ պետականության վերելքին ծառայելը պետք է դառնա յուրաքանչյուր հայի կյանքի հիմնական կոչումը: Յուրաքանչյուր հայ պետք է առաջնորդվի Ազգային Վերազարթոնքին իր անվերապահ մասնակցությունը բերելու պատրաստակամությամբ, որպեսզի կարողանանք ապահովել Հայաստանի և Հայության գոյատևումը, առաջադիմությունն ու զարգացումը:
Ներկայումս անկախ պետականության
պայմաններում, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները և գործակցությունը ենթադրում
են որակական նոր մոտեցումներ ու մակարդակ, նոր պարտավորություններ:
Հայերը չեն կարող ՙօտարներ՚ լինել իրենց հայրենիքում, և Հայաստանի Հանրապետությունը
նախաձեռնել է հաղթահարել երկքաղաքացիության բացառման սահմանադրական արգելքը`
հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հայի լիարժեք ներկայություն հաստատել իր
հայրենիքում:
Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն հանձնառու է իր բոլոր կարելիություններով ապահովել այն անհրաժեշտ պայմանները, որոնք յուրաքանչյուր հայի հնարավորություն կընձեռեն լիարժեք մասնակցություն ունենալ պետության կայացման, ամրապնդման և զարգացման գործում:
Սփյուռքն իր ինքնությունն ու ինքնահաստատումը պետք է կապի ոչ միայն ազգային պատկանելիության ու անցյալի, այլ նաև պետության գոյության, նրա առավելությունների, նրա հանդեպ պատասխանատվության հետ, իր անմիջական մասնակցությունը ունենալով Հայաստանի համընդհանուր զարգացման գործում` զուգակցելով գործարար շահագրգռվածությունն ու հայրենիքի նկատմամբ հոգեկան պարտքի կատարումը:
Մեր նորագույն պատմության մեջ մեր ժողովրդի մեծագույն նվաճումն է Արցախի ազատագրումը, որտեղ դրսևորվեց Հայության անսասան կամքը իր պատմական արդարացի իրավունքների նկատմամբ, և այն դարձավ համազգային միասնության, համախմբվածության ու վճռականության վառ ապացույց:
Այսօր մենք կրկին անգամ վերահաստատում ենք մեր ամբողջական պատասխանատվությունը և համապարփակ աջակցությունը մեր ժողովրդի հերոսական մաքառումներով ծնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ ապրելու և ինքնորոշվելու իր պահանջների նկատմամբ:
Մենք վերահաստատում ենք նաև մեր
պատրաստակամությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալ-տնտեսական խնդիրների
լուծման, Արցախի ժողովրդի բարեկեցության մակարդակի բարձրացման և հայրենի հողի վրա
նրանց նյութական ու հոգևոր պահանջմունքների լիարժեք բավարարման համար անհրաժեշտ
պայմանների ստեղծման, նրա անվտանգ, ապահով գոյության ապահովման հարցում:
Հայաստանի անկախացումից հետո Սփյուռքը հայտնվեց նոր իրողությունների առջև և
նորանկախ Հանրապետությանը բաժին հասած ծանր փորձությունների ու վտանգավոր
մարտահրավերների ժամանակ ցուցաբերեց և շարունակում է ցուցաբերել աննախադեպ`
նյութական, քաղաքական, բարոյական աջակցություն:
Միաժամանակ նույնն են իր առջև ծառացած
ավանդական խնդիրները, որոնցից գլխավորը` աշխարհի տարբեր հյուրընկալ երկրներում
քաղաքական, մշակութային տարբեր պայմաններում, ազգային նկարագրի, ավանդույթների,
մշակույթի և ինքնության պահպանումն ու վերարտադրությունն է:
Խորհրդաժողովը վերահաստատում է աշխարհի բոլոր երկրներում Հայոց Ցեղասպանության
միջազգային ճանաչմանը հասնելու իր վճռականությունը: Խորհրդաժողովը ողջունում է
աշխարհի մայրաքաղաքներում հայ ժողովրդի արդարախոհ բարեկամների կողմից տարված բոլոր
այն ճիգերը, որոնք ապացուցում են ցեղասպանության հարցում համաշխարհային հանրության
աճող հանձնառությունը:
Մեր հավաքական ամբողջության բոլոր մասերը
սերտորեն շաղկապված են և մեր խնդիրների լուծումը պայմանավորված է համազգային
ներդաշնակ և միասնական գործակցությամբ, որդեգրելով գործելակերպի այնպիսի չափանիշներ
ու սկզբունքներ, դրսևորելով կազմակերպվածության այնպիսի մակարդակ, որոնք մեզ համար
կապահովեն առաջադիմություն և զարգացում, կդառնան ուժի և հզորության աղբյուր:
Մենք համոզված ենք, որ ժողովրդավարական սկզբունքները և մարդու իրավունքներն ու
ազատությունը առաջնային նշանակություն ունեն պետական ու համայնքային
հաստատությունների գործունեության մեջ թե° Հայրենիքում, թե° Սփյուռքում:
Մեզ համար հիմնարար արժեքներ են խաղաղությունը, ժողովուրդների բարեկամությունն ու փոխշահավետ համագործակցությունը, մարդու և ազգերի ազատ ապրելու ու զարգանալու իրավունքը, խղճի և դավանանքի ազատությունը:
Մենք վճռականորեն դատապարտում ենք
ահաբեկչությունը, որպես վտանգավոր չարիք մարդկության համար:
Մենք պատրաստակամ ենք այսուհետ ևս մեր պետական, ազգային ու տեղական
հաստատությունների ու կառույցների գործունեությունը կազմակերպել ժողովրդավարության
սկզբունքներով, ապահովելով անհրաժեշտ պայմաններ նրա անդամների կարողությունների
լիարժեք դրսևորման համար:
Մենք ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության գերագույն պատասխանատվությունը և դերը հայության համախմբման գործում, որը հանձնառու է հնարավորություն ու պայմաններ ապահովել յուրաքանչյուր հայի լիարժեք մասնակցությունը բերելու համազգային խնդիրների լուծմանը:
Մենք հանձնառու և հետևողական ենք մեր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու, համերաշխությունն ու համախմբվածությունը ամրապնդելու, մեր խնդիրները, իղձերն ու երազները հավաքական միասնությամբ իրականացման հարցում, ի փառս հայ ժողովրդի ապահով, անվտանգ զարգացման ու բարգավաճման: