download Armenian Unicode fonts
ՀԱՅԱՍՏԱՆ_ՍՓՅՈՒՌՔ
ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԱՌԻԹՈՎ
/27-28. ՄԱՅԻՍ.2002/
Զեկուցաբեր' Ալբերտ Աճեմյան
ՀԱՅԱՍՏԱՆ_ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՁԵՎԵՐԸ
Հայաստան-Սփյուռք եւ հայրենի հայության ու արտերկրի հայ օջախների միջեւ կապերի ու փոխհարաբերությունների առավել արդյունավորման նպատակով հնարավոր մեխանիզմներ ստեղծելու հարցը մեկնում է հիմնականում Սփյուռքի նկատմամբ հայրենի պետության հայացքից ու հետեւաբար որդեգրած պետական քաղաքականությունից:
Այդ թեմայի շուրջ խոսելիս ու մանավանդ այսօր` հայոց պետականության վերականգնման ու Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 84-րդ տարեդարձին չի կարելի չանդրադառնալ հայոց անդրանիկ Հանրապետության կարճատեւ կյանքի ընթացքում ընդունված քաղաքացիության մասին այն օրենքին, որի ելակետն էր` միացյալ ու մեկ հայություն, միացյալ ու մեկ հայրենիքի համոզումը:
1920 թվականի հունիսի 5-ին, ՀՀ Պառլամենտը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունք էր շնորհում հայկական ծագում ունեցող բոլոր հայորդիներին, որոնք ապրում էին երկրի սահմանններից դուրս:
Ընդունված օրենքի նպատակն էր` աշխարհասփյուռ հայությանը կապել մայր հայրենիքին, նրա նկատմամբ հոգածություն ցուցաբերել եւ նրան` մայր հայրենիքի անբաժան մասն ու իրավական տերը ճանաչելով` ներգրավել հայրենիքի վերաշինության ու համազգային հիմնախնդիրների լուծման աշխատանքներում:
Սա պատմական այն փաստն է, որով սկիզբ է դրվել հայրենիք-սփյուռք իրավական ու քաղաքական հարաբերություններին` Եղեռնից հետո կազմված հայկական Սփյուռքի ու հայոց վերականգնած պետության միջեւ:
Անշուշտ միանգամայն տարբեր են այն օրերի ու ներկայիս սփյուռքահայության իրավիճակը, պարագաներն ու պայմանները: Սակայն կարեւորը հայոց պետության մոտեցումն ու հայացքն է հիմնախնդրի նկատմամբ: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքը համարելով, հայրենիք-սփյուռք համարկման /ինտեգրացման/ պետական քաղաքականության որդեգրումն է:
Խորհրդային տարիներին, այդ հարաբերությունները ձեւավորված էին Մոսկվայի ուղղակի հսկողության ներքո, որով առավելաբար կրում էին մշակութային բնույթ ու տարազ: Սակայն այդ ընդհանուր տանիքի ներքո քաղաքականություն էր տարվում` սփյուռքյան հատվածը խորհրդային ազդեցության գոտում ներգրավելու եւ որպես արտաքին քաղաքական հենակ օգտագործելու համար: Հետեւաբար այդ տարներին պետական համակարգը Սփյուռքի հետ կապերի հարցը կարգավորում էր համապատասխան մեխանիզմով:
Կոմունիստներին փոխարինելու եկած նոր իշխանությունները, ազգային արժեքների եւ գաղափարների նկատմամբ իրենց մասնավոր շահերից ելնելով, դիրքորոշվեցին ու սփյուռքին տվեցին բացառապես տնտեսական օժանդակության սահմանափակ դեր: Իսկ սահմանադրութեամբ երկքաղաքացիութիւնը բացառելով` սփյուռքահայության նկատմամբ դրսեւորված պետական-իրավական վերաբերմունքը բացահայտորեն հայրենիքն ու սփյուռքը անջրպետող պատնեշներ դրեց: Սփյուռքը նոր իշխանավորների կողմից դիտվեց որպես սոսկ Հայրենիքին օժանդակող տնտեսական ներուժ: Աղբյուր` որի հունավորման լավագույն մեխանիզմը Հայաստանից Սփյուռքը ղեկավարելու համակարգն էր դիտվում:
Անշուշտ այս մոտեցման դեմ Սփյուռքի հակազդեցությունը ու Հայաստանում իշխանափոխության ընթացքը արթնացրեց այն մտածումը, որ այսօր էլ տիրական է, թե Հայաստանը կարող է, պարտավոր է ու պատրաստ սփյուռքին ընկալել ոչ միայն օժանդակող, այլ որպես հավասար գործընկեր: Նման ընկալման տրամաբանական հետեւությունը հավասար գործընկերների միջեւ հարաբերությունների մշակման համար Սփյուռքի կամքը ներկայացնող համազոր մի ղեկավարության-մարմնի առաջացումն է, Հայրենիքի պետական պաշտոնական իշխանությունների հետ բանակցություններ, ծրագիր ու համագործակցություն ծավալելու նպատակով: Այսինքն, մի խոսքով, Սփյուռքը օժտել պետականության տարազով մի դրվածք, որ անխուսափելիորեն ոչ միայն խաչաձեւումների, շրջանցումների ու նոր բարդությունների առջեւ է կանգնեցնելու սփյուռքյան ինքնուրույն ու ինքնաբավ կառույցներին` թեմական, ազգային, հասարակական, մշակութային մարմիններին, այլ նկատի առնելով արտերկրի, այլատարր քաղաքական պայմաններում ապրող աշխարհացրիվ հայությունը, գաղութների թվային, կազմակերպական, ինչպես նաեւ գործունակության տարբերություններն ու անվտանգության հարցերը չափազանց բարդ, եթե չասենք անհնարին է դարձնում միասնական, տարողունակ, իրապես ներկայացուցչական ու ազդեցիկ մի մարմնի կամ ղեկավարության ստեղծումը: Հետեւաբար, հարցի լուծման իրատես ու հարմարագոյն ելքը Հայրենիք-Սփյուռք համարկման /ինտեգրացիա/ պետական քաղաքականության որդեգրումն է` որպէս հիմնախնդրի ռազմավարական լուծման ուղին:
Սփյուռքը պատմական ողբերգությունների հետեւանքով գոյացած մեր ազգային դժբախտությունն է եւ դեռ ավելին, այսօր հայրենիքից շարունակվող արտագաղթի բերումով օրըստօրե աճող ու խորացող աղետ: Ցավալի մի իրականություն, որ կարող ենք վերածել մեր առավելությանը: Հայրենի ազգային պետականությունը այն կորիզն է, որի շուրջ պիտի օղակվի արտերկիրը:
Հայաստանը բոլոր հայերի հայրենիքը լինելով, ամեն սփյուռքահայ պետք է իրեն կապված զգա ու մասնակից դառնա Հայրենիքի կյանքին ու ոգեշնչվի այդ միասնականությունից:
Ահա, այդ դեպքում մենք կվերածվենք համաշխարհային ազգի, որի աշխարհի տարբեր ծայրերում ունցած ներուժն ու հնարավորությունները առավելություններ կստեղծեն մեր հայրենիքի բարգավաճման ու ազգային խնդիրների լուծման համար:
Այո, Հայրենիք-սփյուռք համարկումը ռազմավարական նպատակ է« հիմնախնդրի արմատական լուծում ու երկարատեւ մի գործընթաց:
Որոնք են այդ քաղաքականության կիրարկման բաղադրյալներն ու սկզբունքները: Ինչ մեխամիզմով ու եղանակով կարելի է իրականացնել այն:
Ա. Սփյուռքի դերը Հայրենիքի վերկանգնման ու հզորացման գործընթացում:
Հայրենիքի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքին սփյուռքահայության կատարյալ մասնակցությունն ապահովելու ու նրա պարտականություններն ու պարտավորությունները հստակեցնելու համար պետք է ստեղծել իրավական համակարգª Սահմանադրական օրենքի հիմամբ: Պետք է ստեղծել այնպիսի ենթահող, որ ամեն հայ, աշխարհագրական ինչ վայրում էլ որ բնակվի, քաղաքացիական ինչ պայմաններում էլ գտնվի, ունենա հայաստանյան օրենքով սահմանված իրավունքներ ու նաեւ պարտավորություններ, որոնք պիտի պաշտպանվեն պետականորեն: Բնականաբար, պիտի նախատեսել տարբերություններ , որոնց հիման վրա եւ կարելի է սահմանել քաղաքացիության երկու կամ մի քանի մակարդակներ:
Բ. Հայրենիքի պարտավորությունը Սփյուռքի ինքնության պահպանման մեջ:
Անհրաժեշտ է Սփյուռքում կրթամշակութային, ուսումնական, մարզական, բարեգործական ու այլ միությունների անարգել ու գործուն փոխ¬գործակցությունը
Այսօր Հայրենիք-Սփյուռք քաղաքական ու մանավանդ, տնտեսական դինամիկ ու շարժունակ համագործակցությունը կարող է նոր լիցք ու ինքնություն ներարկել սփյուռքյան համայնքներին:
Մշակութային գործոնը այլեւս բավարար չէ արտերկրի հայության ինքնության պահպանման գործում: Իսկ բարոյասկզբունքային հողի վրա հայրենիքը հանդիսանալով համայն հայության կենտրոնը, անհրաժեշտ է նաեւ Սփյուռքի ինքնակառավարման սկզբունքի հարգումը հայրենի պետության կողմից, երաշխավորելու համար Սփյուռքի գործունակությունը, անվտանգությունն ու հզորացումը:
Գ. Հայրենիք- Սփյուռք համագործակցության համազգային ծրագրերի ու նպատակների ուղղությամբ:
Արցախի հիմնահարցի կարգավորման, Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչեցման ու Հայ-Դատի հետապնդման ուղղությամբ հայրենիք-Սփյուռք գործակցությունը պետք է տարվի համադրված ու փոխ-պայմանավորված կերպով հայկական համաշխարհային տարողությամբ կառույցների ու տեղական միավորների հետ:
- Գործադրման մեխանիզմներ ու եղանակներ
Նկատի ունենալով սփյուռքյան այլատարր քաղաքական պայմաններում ապրող աշխարհացրիվ հայության իրավիճակըª Հայրենիք- Սփյուռք փոխ¬հարաբերություններն անխուսափելիորեն պիտի ձեւավորվեն տարաբնույթ ու բազմամակարդակ եղանակով:
Այսօր հայկական Սփյուռքը« իր ցրվածությամբ ու բազմաբնույթ կարողականությամբ« իրապես կարող է ուժեղ գործոնի վերածվել ոչ թե կենտրոնաձիգ ու միատեսակ կապերի ձեւավորումով, այլ նկատի ունենալով յուրաքանչյուր գաղթօջախի քաղաքական պայմանների յուրահատկությունները, ներքին ղեկավարման մեխանիզմներն ու ունակությունները պետք է յուրաքանչյուր գաղթօջախի համար մշակել առանձնահատուկ կապեր ու համագործակցության ընթացակարգ:
Այս բազմաբնույթ, սակայն ներդաշնակ կապերի ստեղծման ու ամրացման, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք աստիճանական համարկման պետական քաղաքականության գործում պետական համակարգին զուգահեռ պետք է կյանքի կոչել մի Խորհրդատու Մարմին ՀՀ նախագահին կից, բաղկացած Հայաստանի ու Արցախի տնտեսական, մշակութային, կրթական ու այլ առնչակից նախարարությունների ներկայացուցիչներից, Հայ եկեղեցու, համահայկական կառույց ու տարողություն ունեցող կուսակցությունների, միությունների ու հաստատությունների ներկայացուցիչներից: Խորհրդատու մի մարմին, որ մշակի Հայրենիք- Սփյուռք կապերի ամրացման ու համարկման ուղեգիծն ու քաղաքականությունը:
- Եթե Հայոց պետականությունը Հայաստանը համարի համայն հայության հայրենիքը ու նաեւ հանձնառու զգա արտերկրի հայության ինքնության պահպանման հարցում: - Եթե ամեն հայ, որ երկրի քաղաքացի էլ որ լինի նա, ձգտի ունենալ Հայաստանում գործ ու սեփական տուն: Մենք կհաջողենք մեր աշխարհացրիվ ժողովրդին պարտադրված այս վայրէջքի անիվը մեր օգտին շրջել: